«2015 թ. հունվարի 10-ին ձևավորվեց Հիմնադիր խորհրդարանը և տեղի ունեցավ նրա 1-ին նիստը: Հիմնադիր խորհրդարանի գումարման պահից Նախախորհրդարանն իր կանոնակարգի համաձայն լուծարվեց: Հիմնադիր խորհրդարանը ժողովրդի կամքը ներկայացնելու հավակնություն ունեցող այլընտրանքային մարմին է, որն իր ստեղծման օրվանից ստանձնում է ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգի ստեղծման, ժողովրդավարական պետության ձևավորման, ՀՀ-ին Արցախի դե-յուրե միավորման և երկրի ապագաղութացման անցումային գործընթացի կազմակերպման պատասխանատվությունը: Առաջիկա ամիսների ընթացքում Հիմնադիր խորհրդարանը հանդես է գալու որպես «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կառավարման մարմին և ռեժիմին հեռացնելու քայլերն սկսելու վերջնաժամկետ է հայտարարում Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ը: Միևնույն ժամանակ՝ Հիմնադիր խորհրդարանն ամեն պահի պատրաստ է ազգի և պետության առջև ծառացած գոյութենական մարտահրավերների սրացման և անկառավարելիության վիճակ առաջանալու պարագայում ստանձնելու պետության կառավարման պատասխանատվությունը»:
Երեկ ուշ երեկոյան ահա այսպիսի հաղորդագրությամբ հայրենի մեդիադաշտը հեղեղեց Ժիրայր Սեֆիլյանի շուրջ համախմբված խումբը, որը տարիներ շարունակ հանդես է եկել տարբեր անուններով՝ չարձանագրելով մեծ հաջողություններ, սակայն հասարակական-քաղաքական դաշտում մեծ աղմուկ բարձրացնելով:
Սա ակնհայտորեն այն չէ, ինչը արևմտյան աշխարհում կոչվում է ստվերային կառավարություն, այսինքն, բնավ էլ չի ներկայացվել մարդկանց խումբ ու կոնկրետ ծրագիր, որոնց ընտրողները քվե կամ վստահություն պետք է տան՝ Սահմանադրությամբ նախատեսված հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ: Հիմնադիր խորհրդարանը նույնքան կամ նույնիսկ շատ ավելի քիչ է արտահայտում հասարակության կարծիքը, որքան սահմանադրական մարմին համարվող Ազգային ժողովը: Վերջինս ձևավորվել է վիճահարույց ընտրությունների միջոցով, բայց գոնե լեգալ ընթացակարգով. Սեֆիլյանի Հիմադիր խորհրդարանի ցուցակը գրվել, հաստատվել ու հրապարակվել է մի կոնկրետ գրասենյակում՝ յուրայինների անուններն իրար կողքի շարելով: Այս մարմինն ավելի նման է «հեղափոխական կոմիտեի», որը փորձում է երկրում արմատական վիճակ փոխել՝ նշելով ամսաթիվ, հռչակելով վերամբարձ կարգախոս:
Ուզում եք Նախորհրդարան համարեք կամ՝ Հիմնադիր խորհրդարան, բայց Սեֆիլյանի գրասենյակում հավաքված չէ քաղաքական, կազմակերպչական, մարդկային այն ռեսուրսը, որն ի զորու է նման խնդիր լուծել, երկրում իշխանափոխություն իրականացնել: Արդ, եթե համարենք, որ մարդիկ անկեղծ են իրենց մտադրություններում, ապա գործ ունենք սովորական արկածախնդրության հետ, որն ապրիլի 24-ին կամ դրանից առաջ վերջանալու է մի փոքրիկ աղմուկով, նույնիսկ՝ ձերբակալություններով:
Եթե համարենք, որ պատերազմի բովով անցած Սեֆիլյանն ու նրա կողմնակիցներն այնքան էլ միամիտ չեն, ենթադրելի է, որ կան կոնկրետ քաղաքական հաշվարկներ:
Դրանցից մեկն այն է, որ կանխատեսվել, վերլուծվել է հասարակության ներսում առկա սոցիալական դժգոհությունը կամ իշխանության թևերի միջև առկա կոնֆրոնտացիան, ու ձևավորվել է հաստատուն կարծիք, որ ապրիլի 24-ին փողոցում կուտակվելու է հասարակական մեծ դժգոհություն՝ անկախ օրվա խորհրդից, ու դրան պետական մարմինները հակադրվելու ռեուրս չեն ունենալու: Չեմ հերքի՝ Հայաստանում կա անչափ մեծ սոցիալական դժգոհություն, փողոցը կարող է նաև ճեղքեր առաջացնել պետական բուրգում, այնուամենայնիվ, Հայաստանը շատ փոքր ու մոնոլիտ է, որպեսզի այստեղ կրկնվի «արաբական գարնան» սցենարը: Չեմ տեսնում նաև օլիգարխիա կոչվածի դիրքորոշումների այնպիսի վերանայում, որպեսզի ենթադրեմ, որ նրանից մեկը, նույնիկ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Գագիկ Ծառուկյանը, հանդդգնի գնալ նման ընդվզման ֆինանսավորմանը: Այսինքն, գրեթե բացառում եմ նաև ուկրաինական սցենարի կրկնությունը: Ավելին, հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը լեգիտիմացրել է իշխանության, այսպես կոչված, ուժային թևն ու նրա գործողությունները, իսկ այդ թևն ամբողջովին վերահսկվում է նախագահի կողմից:
Հնարավոր է նաև, որ Նախախորհրդարան-Հիմնադիր խորհրդարանի քայլերը համակարգված են իշխանությունների կողմից ու նպատակ ունեն իմիտացնել «թեժություն», որն իշխանությանը թույլ կտա լեգիտիմացնել ուժի կիրառումը, սակայն՝ ավելի իրական ու ռեսուրսակիր թիրախների ուղղությամբ:
Ես ընդամենն առաջ քաշեցի վարկածներ՝ հետևությունները թողնելով ընթերցողին:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ